Текст на армянском языке к видео 1.91 на русском яз. Это видео на армянском— см. видео 7. 95
7.22, 7.23 և 7.2 վիդեոներում մենք խոսեցինք քրիստոնեական ազատության նշանակության ու նաև այն մասին, թե ինչպես ճանաչել Աստծու ոգին, որ չընկնենք անմաքուր ոգու որոգայթը: Այժմ մեզ համար ավելի հեշտ կլինի հասկանալ, թե ինչպես ազատ քրիստոնյան, ով ընթանում է Եհովայի և Նրա Քրիստոսի ոգով, պետք է վերաբերվի նրան, ով Եհովայի վկա է եղել (Ե.վ.), բայց ինչ-ինչ պատճառով դադարել է լինել այդպիսին և այլևս չի ծառայում Եհովային Նրա ժողովրդի հետ միասին:
Նախորդ հոլովակում մենք խոսեցինք լոկ Եհովայի այն թշնամիների մասին, ովքեր դեռ չեն ճանաչում ճշմարիտ Աստծուն և վարժված չեն Ս.Գրքով տարբերել սուտը ճշմարտությունից և բարին՝ չարից։ Այսինքն՝ նրանց մասին, ովքեր Ե.վ. չեն եղել և ընդդիմացել են Նրա երկրպագությանը՝ սխալ ըմբռնելով իրադրությունը (Մտ.5:44): Վերջիններիս նկատմամբ բարի վերաբերմունքը կարող է օգնել նրանց վերանայել իրենց մոտեցումը և դառնալ Եհովային։ Իսկ ո՞ւմ համարել նրան, ով նախկինում եղել է մեր հավատակիցը, բայց դադարել է լինել այդպիսին (ում մեղքի համար վտարել են ժողովից կամ նա կամավոր է հեռացել): Ինչպե՞ս բարին անել նրան:
Ինչո՞ւ ենք բարձրացնում այս հարցը։ Վերջերս ռուս, անգլիախոս և այլ լեզվի լսարանի բազմաթիվ նախկին Ե.վ.ներ սկսել են ակտիվորեն բողոքել, որ իրենց հանդեպ անմարդկային վերաբերմունք է ցուցաբերվում: Նրանք նույնիսկ դիմում են աշխարհիկ դատարաններին այն բանի համար, որ ժողովից վտարվելուց հետո Ե.վ.ները իրենց հետ դադարել են բարիով վարվել (իրենց տեսակետից), ընկերները և նույնիսկ մոտիկ հարազատները իրենց հետ այլևս չեն շփվում, խուսափում են իրենցից, ինչը աշխարհիկ դատարանները համարում են դաժան վերաբերմունք:
Նախկին Ե.վ.ների հանդեպ վատ վերաբերմունքի հանրային այս լսումները ոչ միայն արատավորում են Եհովայի պաշտամունքի հեղինակավորությունը, այլև Դիտարան Ընկերությանը (ԴԸ) մղում Աստվածաշնչով վերանայել ընկերակցությունից զրկվածների հետ վարվելու հայտնի պրակտիկան: Նախկինում դա կոչում էին ընկերակցությունից զրկում. իրավական կոմիտեի որոշումից հետո ժողովում հայտարարվում էր, որ այսինչը զրկվում է ընկերակցությունից, և բոլորը հասկանում էին, որ այսուհետ այդ անձի հետ արգելվում է շփվել։
Այսօր արդեն նման դեպքերում հայտարարում են, որ այսինչը այլևս Եհովայի վկա չէ, որպեսզի չընդգծվի նրա հետ շփվելու բուն արգելքը: Այս փոփոխությունը, հավանաբար, կատարվել է հենց դատական բողոքների աճի պատճառով։ Բայց ձևակերպման փոփոխությունը չի փոխել խնդրի էությունը. եթե ժողովում հայտարարում են, որ այսինչը այլևս Ե.վ. չէ, ապա ժողովի բոլոր անդամները պետք է հասկանան, որ նրա հետ արգելված է շփվել և նա, փաստորեն, զրկված է քրիստոնեական ընկերակցությունից:
Ահա հենց սա էլ վրդովեցնում է նախկին Ե.վ.ներին, հատկապես նրանց, ովքեր իրենց կամքով են լքել ժողովը. մի կողմից՝ նրանք ցանկանում են ապրել այնպես, ինչպես իրենց է դուր գալիս, ուզում են ազատվել Եհովայի ծառայի՝ իրենց վրա դրված դժվարին հոգևոր օրակարգի լարվածությունից։ Բայց մյուս կողմից՝ նրանք ցանկանում են, որ իրենց մոտիկների, հարազատների և ընկերների վերաբերմունքը, ովքեր շարունակում են ծառայել Եհովային՝ նախկինի պես իրենց հանդեպ մնա բարի և չփոխվի դեպի վատը։
Հետևաբար, երբ նրանք բախվում են հարաբերությունների կտրուկ սառեցմանը, սկսում են բողոքել աշխարհիկ ատյաններին, և վերջիններս ժողովից վտարվածների հանդեպ վերաբերմունքի այդ վատ դրսևորումը ընդունում են որպես անձի նվաստացում, ահաբեկում և նույնիսկ Սահմանադրության խախտում (նման մի օրինակ է Շվեյցարիայի դատական ատյանի վարույթը, որի որոշման վճիռը տարածվում է նաև Գերմանիայում և Ավստրիայում, տես «Դիտարան Ընկերությանը ԽՆԴԻՐՆԵՐ ԵՆ ՍՊԱՍՈՒՄ» վիդեոն):
Այս առումով հարց է առաջանում. եթե Հռ.12։17–21-ում ասվում է, որ թշնամիներին դեպի Եհովան դարձնելու համար նրանց հետ պետք է բարի վերաբերվել, իսկ առանց շփման դա անհնար է, ապա ինչո՞ւ է ԴԸ-ը նրանց հետ, ովքեր վտարված են ժողովից՝ արգելում հաղորդակցվել: Ուստի, այսօր Ս.Գրքից կպարզենք, թե ինչպես պետք է քրիստոնյան, ով ազատ է այլևայլ հրահանգների տառերի գերությունից և ճանաչում է Աստծու ոգին՝ վերաբերվի ժողովից վտարվածներին: Հուսով ենք, որ այս տեղեկությունը օգտակար կլինի ինչպես ժողովի Ե.վ.-ների, այնպես էլ նրանց համար, ովքեր վտարվելուց հետո բախվել են օտարոտիության սառնությանը:
Այսպիսով, Հռ.12։17-21 համարներից պարզ է դառնում, որ Աստծու բոլոր ծառաները պարտավոր են չարին բարիով հատուցել, և այդ պարտավորվածությունը նրանց կողմից ներառում է Եհովայի բոլոր թշնամիներին՝ ներառյալ նրանց, ովքեր վտարված են ժողովից մեղքի կամ այն պատճառով, որ իրենք են լքել Եհովայի հոգևոր Տունը: Ինչպե՞ս է չարին բարիով հատուցելու այս սկզբունքը կիրառելի ժողովից վտարվածների նկատմամբ։ Որպեսզի դյուրին լինի սա պարզել Աստվածաշնչից, հարցը բաժանեցինք մի քանի մասերի, թվարկենք դրանք.
1) Ինչպե՞ս պետք է վերաբերվենք նրան, ով մեր հավատակիցն էր, բայց դադարել է Ե.վ. լինելուց (վտարվել է մեղքի պատճառով կամ ինքն է լքել ժողովը):
2) Ի՞նչ է նշանակում բարիով վարվել նրա հետ, ով դադարել է Ե.վ. լինելուց:
3) Վերաբերո՞ւմ է Հռ.12.17-21-ի խորհուրդը նախկին Ե.վ.-ի գլխին ածուխ հավաքելուն՝ բարու օգնությամբ նրան կերակրելուն, եթե նա քաղցած է:
4) Արդյո՞ք կպղծվենք անմաքրությամբ, եթե ինչ-որ կերպ օգնենք ժողովից վտարվածին:
1) Ինչպե՞ս պետք է վերաբերվենք նրան, ով մեր հավատակիցն էր, բայց դադարել է Ե.վ. լինելուց:
Արդյո՞ք պետք է բարիով վարվենք նրա հետ: Պատասխանը միանշանակ է — ԱՅՈ։ Ինչո՞ւ։ Ամեն մարդ Եհովայի գիտությամբ է հայտնվել աշխարհում և իրավունք ունի հրաժարվել աստվածաշնչյան ճշմարտության հիմնավոր ուսուցումներից, ինչը կարող է պատահել նրանց հետ, ովքեր հեռանում են ժողովից (2Տիմ.4։3,4)։ Եհովան համբերատար է բոլորի հանդեպ, ներառյալ Իր անառակ զավակների, ովքեր լքել են Իր հոգևոր տունը։ Նա ոչ մեկին չի ստիպում ապրել ըստ Իր պատվիրանների և համբերատար ակնկալում է, որ Իր անառակ որդիները ուշքի կգան և մի օր կվերադառնան Իր մոտ, ինչի համար Նա միայն ուրախ կլինի (2Պետ.3:9; Ղկ.15:20):
Եթե Եհովան սպասում է նրանց վերադարձին, ապա մենք ևս չպետք է նրանց անհուսալի համարենք, և Աստծու առջև նրանց հետ սիրալիր վարվելը մեր պարտականությունն է։ Հարցն այն է, թե ի՞նչ է նշանակում բարիով վարվել նրանց հետ, ովքեր այլևս մեր հավատակիցները չեն: Ինչպե՞ս կարող է դրսևորվել մեր բարությունը նրանց նկատմամբ՝ Աստվածաշնչի տեսանկյունից։ Կիմանանք 2-րդ հարցի պատասխանից.
2) Աստվածաշնչի տեսակետից ի՞նչ է նշանակում բարի լինել նրանց հանդեպ, ովքեր դադարել են Ե.վ. լինելուց (մեղքի կամ ժողովը լքելու պատճառով):
Միանգամից ասենք, որ ժողովից վտարվածների հանդեպ բարության մեր հասկացողությունը կարող է շատ տարբեր լինել Եհովայի տեսակետից։ Հատկապես, երբ խոսքը վերաբերում է մեր հարազատի վտարմանը։ Ահա ինչու այսօր մենք կենտրոնանում ենք այն փաստի վրա, որ բարության դրսևորման բնույթը՝ կյանքի տարբեր դեպքերում, որոնց մենք բախվում ենք, պետք է փնտրել միայն Աստվածաշնչում, քանի որ Աստծու տեսանկյունից տարբեր դեպքերում բարությունը ևս կարող է դրսևորվել տարբեր ձևերով:
Ինչպես արդեն գիտենք նախորդ հոլովակից, եթե ճշմարտության թշնամին չհասկանալով է վատ վերաբերվում Աստծու ծառաներին — դա ներելի է, և ճիշտը նրա հանդեպ մեր բարի վերաբերմունքը կլինի: Իսկ եթե ճշմարտության թշնամին նախկինում ծառայել է Եհովային, բայց ժամանակի ընթացքում կրկին բռնել մեղքի ուղին, ապա բարին այս դեպքում այլ տեսք կունենա (հմմ. Ղկ.23։34-ը, երբ Հիսուսը աղաչում է Եհովային ներել իրեն խաչողներին անգիտության համար՝ Եբր.10:24-27-ի հետ, որտեղ ասվում է, որ եթե մարդը գիտի Եհովայի պահանջները և, այդուհանդերձ, թույլ է տալիս իրեն մեղանչել, Աստված և Քրիստոսը բոլորովին այլ վերաբերմունք ունեն այդպիսիների նկատմամբ):
Որպեսզի հասկանանք, թե ինչու բարին Աստվածաշնչի տեսանկյունից տարբեր դեպքերում կարող է տարբեր լինել, պարզենք, թե ի՞նչ է նշանակում բարին գործել Աստվածաշնչի տեսակետից՝ ըստ Եհովայի կարծիքի։ Բարին անել Աստվածաշնչի տեսակետից՝ նշանակում է ճիշտ վարվել ուրիշների հետ, այսինքն՝ վարվել Եհովայի սկզբունքների համաձայն, որպեսզի դա հոգևոր օգուտ բերի և՛ նրանց, և՛ մեզ, և՛ հիմնականում Եհովայի շահերին։
Այսինքն՝ գլխին ածուխ հավաքելու մոտեցումը նրանց հանդեպ, ովքեր քրիստոնյա չեն եղել, և նրանց հանդեպ, ովքեր եղել են, բայց հետո դադարել կատարել Աստծու պատվիրանները՝ նույնքան տարբեր են, որքան ոչինչ չհասկացող երեխային խրատելու մեթոդները՝ ճիշտ եզրակացություններ անելու համար բավականաչափ հասկացողություն ունեցող չափահաս մարդուն խրատելու մեթոդներից: Ուստի, երբ ցանկանում ենք բարություն անել նրանց, ովքեր դադարել են Ե.վ. լինելուց, պետք է ինքներս մեզ հարց տանք՝ ի՞նչը նրանց հոգևոր օգուտ կբերի:
Ինքներս կարող ենք մտածել, որ դրանք մեր արցունքներն են կամ ամենօրյա նախատինքները, կամ հորդորանքն ու մեծ ուշադրությունը, որպեսզի նրանք չմոռանան Եհովային և չմտածեն, թե դադարել են սիրվել։ Իսկ ի՞նչ է ասում Ս.Գիրքը այդ մասին: Աստվածաշունչն ասում է, որ բարին անել նրանց, ովքեր բռնում են մեղքի ուղին կամ հրաժարվում ժողովից, պետք է անել շատ ավելի վաղ, քան նրանց վտարվելը: Հիսուսն, օրինակ, ցույց տվեց մեղքի ուղին բռնած քրիստոնյաներին բարին անելու լավ վերաբերմունքի սկզբունքը՝ ըստ Մտ.18:15-17-ի 4 քայլերի, որոնք կարող էին օգնել նրանց ուղղվել և դարձի գալ դեպի ճշմարտության ուղին, ինչում շահագրգռված է Եհովան:
քայլերի նշանակության մասին, երբ մարմնական մեղքի կամ հավատուրացության համար անձը արդարացիորեն վտարվում է ժողովից, քննարկել ենք 7.38 հոլովակում: Իսկ եթե կարճ, ապա Հիսուսը խոսում էր այն մասին, որ անձնական ջանքեր գործադրվի ամեն մի Ե.վ.-ի համար՝ նրան չար գործերից ետ բերելու նպատակով, ում մեղանչական ընթացքը մեզ արդեն հայտնի է: Սխալ կլինի անտեսել ժողովում որևէ մեկին, ով մեղանչում է, անկախ նրանից՝ նա անձամբ քո՞ դեմ է մեղք գործում, թե մեկ ուրիշի, օրինակ, վիրավորում է քո հարևանին: Քանի որ նա մեղք է գործում Քրիստոսի մարմնի դեմ, որի անդամ ես հանդիսանում դու, ապա նա մեղք է գործում նաև անձամբ քո դեմ:
Ուստի անհրաժեշտ է մեղավորին, երբ առանձին եք, հայտնել իր մեղքի մասին և խրախուսել ուղղվել՝ ցույց տալով, որ մեր զրույցի նպատակը իրեն նախատելը չէ, այլ խնդրանք, որ թողնի չար ուղին՝ ի հաճույս Եհովայի (Ղև.5:1; 19:17; Մտ.18:15; Հակ.5:19,20): Եթե նա ամաչի և սթափվի, ուրեմն եղբայրը շահվեց Աստծու համար, ինչը շատ ուրախալի է: Ուստի սկզբում մեղավորի հետ առանձին խոսելը հենց այն բարին է, ինչը նախատեսում է Աստվածաշունչը նման դեպքերում։ Եթե առանձնազրույցը չի օգնում, հնարավորություն կա ևս մեկ բարի գործի՝ մեզ հետ վերցնել 1 կամ 2 Ե.վկայի, որպեսզի նրանք հաստատեն եղբոր սխալը՝ ցույց տալով նրան աստվածաշնչյան սկզբունքի խախտումը։
Եթե այս քայլն էլ չօգնի, և մեղավորը շարունակի իր չար ընթացքը, ապա ըստ Ս.Գրքի պահեստում դեռ ունենք ևս բարի մի քայլ՝ հայտնել այդ մասին ժողովին, որը նման դեպքերում ներկայացնում են երեցները (Հակ.5:14,15; 1Պետ.5:5): Այստեղ որևէ մեկը արդարացիորեն կարող է առարկել, որ ԴԸ-ում չի կիրառվում 1Տիմ.5։20-ում նշված հրապարակային դատավարության աստվածաշնչյան սկզբունքը։ Փոխարենը գումարվում է փակ կոմիտե, ինչը հղի է անարդար որոշումներ կայացնելու վտանգով, իսկ ժողովում հնարավոր են թերըմբռնում և բամբասանքներ (սա են շեշտում նախկին Ե.վ.ները դատարաններում)։ Ի՞նչ կարելի է ասել այս մասին։
Անկասկած, հրապարակային դատավարությունը, ինչպես պահանջում է Ս.Գիրքը, ավելի շատ օգուտներ կբերեր և՛ մեղավորին, և՛ լսողներին (բամբասանքը, անարդար որոշումների կասկածանքը կբացառվեին, և մեղավորը հնարավորություն կունենար արդարացնել իրեն, եթե անմեղ է, տես 7.38 վիդեոն): Բայց անհիմն կլինի կարծել, որ ԴԸ ստեղծել է երեցների փակ կոմիտեի պրակտիկան միայն այն բանի համար, որ երեցները կարողանան անարդար դատավարություն իրականացնել: Անհիմն է այդպես մտածել: Ինչո՞ւ է առաջացել փակ իրավական կոմիտեների պրակտիկան: Խորհրդածենք.
Եհովային ծառայելու մեր 30 տարվա փորձից ելնելով՝ կարող ենք ասել, որ ոչ բոլոր մեղավորներն են ցանկանում, որ իրենց մեղքերը հայտնի լինեն ամբողջ ժողովին։ Ժողովում պատահում են և՛ հարբեցողության, և՛ շնության, և՛ ֆինանսական խարդախության, և՛ պոռնոգրաֆիայով տարվելու դեպքեր, որոնք շատ դժվար է հրապարակայնորեն խոստովանել: Ուստի ԴԸ հարմար է գտել Մտ.18։18-ի և 1Կոր.5։11-ի սկզբունքների կիրառման առավել նրբին մի մեթոդ՝ մեղք գործողների հարցերի վճիռը թողնել երեցներին, ովքեր բոլոր ժամանակներում պատասխանատու են եղել կարգապահական միջոցների ձեռնարկման համար (2Օր.21։18-20; Գրծ.14։23; Հակ.5։14,15; 1Պետ.5:5):
Մենք չենք ասում, թե դա ճիշտ է, քանզի Ս.Գիրքն առաջարկում է իրավական կոմիտեների բաց լսումներ։ Խոսքը լոկ այն մասին է, որ եթե բոլոր երեցները ըստ Եհովայի արդար դատեն, ապա նույնիսկ փակ լսումների դեպքում խնդիրներ չեն առաջանա, և մեղավորը հրապարակային ցուցադրության չի ենթարկվի, ինչը մարդկայնորեն հասկանալի է։ Անարդար որոշումը կանխելու համար իրավական կոմիտեն բաղկացած է 3 հոգուց, որպեսզի քննարկվի հավատացյալի սխալ վարքագիծը և քվեարկությամբ վճիռ կայացվի (երեքը այն նվազագույնն է, երբ Աստվածաշնչի հիման վրա որոշում կարող է կայացվել ձայների մեծամասնությամբ): Բայց կարող է լինել նաև 5 կամ 7 երեց՝ կախված իրավիճակի բարդությունից։
Այսպիսով, մեղքերի քննարկման փակ դատավարության պրակտիկան ստեղծված ՉԷ անարդար դատավճիռ կայացնելու, այլ մեղավորին հանրային անարգանքից պաշտպանելու նպատակով, որ, եթե զղջա՝ իր համար դյուրին լինի շարունակել ծառայել Եհովային։ Այսինքն, փակ լսումների պրակտիկան ստեղծելիս՝ ԴԸ-ում լավն են ցանկացել։ Իսկ այն, որ երբեմն տեղերում միայն ավելի վատն է ստացվում, իսկ դատավճիռը՝ անարդար, սոսկ ապացուցում է, որ եթե Աստծու խոսքը շուռ տաս ըստ քեզ, ապա ոչ մի լավ բան մի սպասիր (գուցե մի օր ԴԸ-ում հաշվի առնեն այս հանգամանքը և ընդունեն բաց լսումների պրակտկան՝ ըստ Ս.Գրքի):
Այսպիսով, եթե բոլոր քայլերից հետո, ներառյալ երեցների քննարկումը, հավատակիցը շարունակում է չարը գործել, ապա նրա համար մնում է մեր վերջին բարի գործը՝ թող նա մեզ համար լինի նույնը, ինչ հեթանոսներն ու մաքսավորներն էին 1-ին դարի Եհովայի ժողովրդի համար (Մտ.18։16,17)։ Թե ինչ է դա նշանակում՝ Պողոսը պարզաբանեց 1Կոր.5:11-ում, բացատրելով, որ չարժե նման մարդու հետ շփվել և անգամ նրա հետ նույն սեղանի շուրջ հաց ուտելը սխալ կլինի: Նրանք, ովքեր եղբայր կոչվելով, մնում են մեղավոր, պետք է վտարվեն քրիստոնյաների միջից, այսինքն՝ պետք է հեռացվեն կամ առանձնացվեն ժողովից (տես նաև՝ 1Կոր.5:2,5,10,11,13):
Բայց ինչո՞ւ նրանց հետ սեղան չպետք է նստեին։ 1-ին դ.ում Ե.վ.ների մեջ նույն սեղանից հաց ուտելը մտերիմ ընկերության և հարազատության նշան էր. (չէ՞ որ բոլոր հրեաները ազգակից էին): Հեթանոսների հետ նրանք հացի չէին նստում՝ որպես օտարների, և խուսափում էին նրանցից՝ ասես վարակիչ ու վտանգավոր մարդկանցից (հմմ.Գաղ.2:12; Գրծ.10:28): Իսկ Հռոմի կայսրին ծառայող մաքսավորներին համարում էին դավաճաններ և վերաբերվում նրանց որպես մեղքի ակունքի (հմմ. Ղկ.15:1,2; 18:11-13): Եվ, թեև հրեաները ստիպված էին գործ ունենալ և՛ մաքսավորների, և՛ հեթանոսների հետ (հարկերի հավաքման և շուկայում ապրանքներ գնելու դեպքերում), բայց անհարկի երբեք նրանց հետ խոսքի չէին բռնվում և բացառում էին ընկերական գրկախառնության որևէ ակնարկն անգամ: Ի՞նչ է հետևում սրանից։
Ասելով՝ «Թող քեզ համար լինի ինչպես հեթանոս և մաքսավոր», Հիսուսը նկատի չուներ, որ ժողովի անդամները կշարունակեն սիրո և «ընկերական գրկախառնության» հարաբերություն նրա հետ, ում վտարում են ժողովից (կարևոր չէ՝ մեղքի՞ համար, թե՞, երբ մարդն ինքն է հեռանում ժողովից): Մեղավոր միջավայրից հեռու մնալը միանգամայն բնական է քր.յաների համար. նրանք գիտեն, որ մեղքը «վարակիչ» է, կարող է փչացնել ամբողջ ժողովը և նույնիսկ ավերել անփորձների հավատը (չէ՞ որ վատ ընկերակցությունները ապականում են օգտակար սովորությունները, 1Կոր.5:6; 15:33; 2Տիմ.2:18). Ուստի, երբ հավատակիցն ընտրում է մեղքի ուղին՝ նրա նկատմամբ վերաբերմունքն ինքնին փոխվում է դեպի վատը:
Նույնիսկ ընտանիքում են վատ վերաբերվում նրանց, ովքեր չեն գնահատում տնեցիներին և ընտանեկան արժեքները: Նույնն է նաև հոգևոր «ընտանիքում»։ Հովհաննեսն այս երևույթը պատկերում է այսպես. «նրանք մեզնից չէին, քանզի չմնացին մեզ հետ»։ Բոլորին է պարզ մերի ու ոչ մերի տարբերությունը։ Այսինքն, բոլոր նրանք, ովքեր դառնում են Ե.վ., բայց հետո կորցնում հետաքրքրությունը Եհովայի պաշտամունքի հանդեպ և ընտրում աշխարհը՝ մերը չեն: Հետևաբար, մեր վերաբերմունքը նրանց նկատմամբ որպես օտարների՝ խուսափողական է և առանց շփվելու ցանկության, ինչը միանգամայն բնական է (1Հով.2:19):
Ինչպես տեսնում եք, վերաբերմունքի փոփոխությունը ժողովից վտարվածների հանդեպ, ԴԸ հորինվածքը ՉԷ, այլ դա Քրիստոսն է ակնկալում իր ժողովի անդամներից: Բայց նրա այդ ակնկալիքը հասկանալու համար՝ հարկ է հոգևոր աճ և հասունություն: Ուստի, բոլոր նորահավատներին, որոնց համար ընտանեկան և ընկերական հարաբերությունները առայժմ շատ ավելին են, քան հարաբերությունը Եհովայի և Քրիստոսի հետ, սկզբի համար ստիպված արգելում են սերտորեն շփվել վտարվածների հետ (հմմ. Մտ.10:36,37; 12:47,50):
Սա նույնն է, օրինակ, երբ չափահաս մարդն ինքը չի ցանկանում մոտենալ անդունդի եզրին, քանզի հասկանում է, որ դա կարող է վատ վերջ ունենալ իր համար (անհրաժեշտ չէ, որ իրեն արգելեն մոտենալ անդունդին)։ Իսկ դեռահասին դա պետք է կտրականապես արգելել, քանի որ նա չի հասկանում, թե ինչով է անդունդը վտանգավոր։ Այս օրինակն օգնում է հասկանալ, թե ինչու է ԴԸ արգելում շփումը վտարվածների հետ.
գիտակցելով, որ բոլորն սկզբում որպես մանուկ են գալիս ժողով, ԴԸ արգելում է սերտ ընկերակցությունը վտարվածների հետ, համոզված, որ հասակ առնելով նրանք իրենք արդեն կհասկանան, թե ինչու Եհովան և Քրիստոսը հենց այդպիսի վերաբերմունք են ակնկալում. նա, ով դադարել է երկրպագել Եհովային, անխուսափելիորեն հեռանում է լույսից դեպի հոգևոր խավար և ընկնում Սատանայի ազդեցության տակ։ Իսկ խավարը լույսի հետ ոչ մի ընդհանուր բան չի կարող ունենալ, ինչպես որ արդարությունը՝ անօրենության հետ, և Եհովային հավատարիմը՝ անհավատարիմի հետ, նույնիսկ եթե վտարվածը մոտ ընկեր է կամ ազգակից (2Կոր.6։14,15): Ուստի, ովքեր քայլում են Եհովայի ճշմարտության լույսով, խուսափումը նրանցից, ովքեր սիրում են խավարը՝ բնական է և աստվածահաճո։
Իսկ նրանք, ովքեր դադարել են երկրպագել Եհովային, զուր են բողոքում աշխարհիկ ատյաններին, որ իրենց հետ վատ են վերաբերվում: Դա ոչ միայն բնական է, այլև աստվածահաճո, այսինքն՝ Աստծու շահերից բխող: Ինչպե՞ս: Հիշեք անառակ որդու առակը. երբ նա թողեց հայրական տունը, հայրը չգնաց նրա ետևից, չաղերսեց ետ վերադառնալ և այլևս չշփվեց նրա հետ, անգամ չհետաքրքրվեց՝ որդին ունի՞ այն ամենը, ինչ անհրաժեշտ է, ինչ է ուտում և ինչպես ապրում: Նա նախապես գիտեր, որ հայրական տնից դուրս՝ իր որդին լավ բան չի կարող ունենալ։ Նա ուղղակի հույսով սպասում էր, որ եթե ոչ սերը, ապա գոնե դժվարությունները կդրդեն որդուն տուն վերադառնալ։ Ինչը և եղավ:
Իսկ եթե հայրն իր որդուն, օրինակ, ուտելիքի փող ուղարկեր և դրանով սատարեր կյանքի բռնած նրա ուղին, դժվար թե որդին հասկանար իր սխալը և ցանկանար հայրական տուն վերադառնալ։ Եհովայի տեսանկյունից՝ հենց այս տարօրինակությամբ է հոր բարությունը իր անառակ որդու հանդեպ դրսևորվում. անառակ երեխաներին կարող է թվալ, թե բարությունն այն է, երբ հայրը նրանցից ոչինչ չի խնայում և ամեն ինչ տալիս է, չնայած նրանց անհնազանդությանը։ Իսկ Եհովան սովորեցնում է, որ նման երեխաների համար բարին՝ նրանց ոչինչ չտալն է այն ամենից, ինչը կխթանի վերջիններիս ողջ կյանքում մնալ չար ուղու վրա:
Այսպիսով 2-րդ հարցի պատասխանից իմացանք, որ բարին անել Եհովայի տեսակետից՝ նշանակում է գործել Նրա սկզբունքների համաձայն, որպեսզի դա հոգևոր օգուտ բերի և՛ վտարվածներին, և՛ մեզ, և՛ Եհովայի նպատակներին։ Ուստի, օգնելու և ժողովից վտարված մեր ընկերների և հարազատների սխալ ապրելակերպը սատարելու փոխարեն, պետք է խզենք բոլոր հարաբերությունները նրանց հետ և թույլ տանք, որ նրանք ամբողջապես կրեն իրենց սխալ ընտրության բոլոր դժվարությունները: Լոկ այդպիսի բարությունը կարող է օգնել նրանց, ովքեր թողել են Եհովայի տունը և մահացել Աստծու աչքին՝ վերադառնալ իրենց երկնային Հոր մոտ և նորից կյանք առնել (Ղկ.15։11-24)։
Անցնենք 3-րդ հարցին. Հռ.12:19,20-ի խորհուրդը վերաբերո՞ւմ է նախկին Ե.վ.ների գլխին ածուխ հավաքելուն՝ կերակրելով նրանց, եթե քաղցած են:
Պատասխանն է՝ այո, քանզի նրանք, ովքեր դադարել են երկրպագել Եհովային և հանձնվել խավարի իշխանությանը, ևս դառնում են Եհովայի թշնամիները, ինչը պարզ է Հակ.4։4-ից։ Ուստի նրանց ևս պետք է օգնել թողնել չար ուղին և վերադառնալ Աստծու մոտ։ Իսկ եթե, ի պատասխան մեր բարու, նրանք չսթափվեն և շարունակեն չարով հատուցել, ապա նրանց գլխին ածուխ կհավաքվի։ Հարցը լոկ բարու դրսևորմանն է վերաբերում, քանզի այն տարբեր է առաջինի և երկրորդի պարագայում, ինչը մենք պարզեցինք 2-րդ հարցից, և այդ տարբերությունը պետք է հաշվի առնել: Հիշեցնենք այն.
Եհովային չճանաչող թշնամիները տարբերվում են նրանցից, ովքեր լքել են Եհովայի երկրպագությունը։ Ինչպե՞ս: Առաջինները դեռ չգիտեն, թե ինչն է բարին և ինչը չար՝ Եհովայի տեսանկյունից։ Ուստի չարը ներելի է նրանց համար (Ղկ.23:34): Իսկ վտարված Ե.վկան գիտե Աստծու տեսակետը բարու և չարի վերաբերյալ, բայց կամովին ընտրել է չարը՝ ուրանալով Եհովային և հրաժարվելով կատարել Նրա կամքը (տես Եբր.10:24-27-ը, որտեղ ասվում է, որ նա, ով կամավոր ընտրել է մեղքի ուղին և կյանքը Քրիստոսի ժողովից դուրս` կպատժվի Աստծու կողմից, եթե դարձի չգա):
Եվ քանի որ թշնամության բնույթը Աստծու դեմ՝ տարբեր է Նրա թշնամիների կողմից, տարբեր է նաև բարու դրսևորումը մեկի և մյուսի հանդեպ։ Եթե առաջինին բարի վերաբերմունքը կարող է օգնել իր կարիքի դեպքում, ապա Եհովայի Տունը լքածների համար կիրառելի է անառակ որդու առակի հոր սկզբունքը: Հիշեցնենք նաև դա. հայրը ոչ մի կերպ չէր շփվում որդու հետ և պատրվակ չէր փնտրում նրան հանդիպելու՝ ընդունելով ազատ ապրելու ընտրության նրա իրավունքը, մինչև որ որդին ինքը չզղջաց սխալի համար և որոշեց վերադառնալ հայրական տուն: Հենց որ որդին հայտնվեց հորիզոնում, հայրը շտապեց արձագանքել և բացեց նրա առաջ իր սիրալիր գիրկը (Ղկ.15:17-20):
Այստեղ կիրառելի է նաև մեղքի ուղին բռնածին՝ որպես մաքսավորի և հեթանոսի վերաբերվելու Քրիստոսի խորհուրդը. թեև 1-ին դ.-ի Ե.վ.ները ստիպված էին հարկ վճարելիս առնչվել մաքսավորներին, իսկ շուկայում՝ հեթանոսներին, սակայն հատուկ չէին ձգտում հանդիպել վերջիններիս, չէին հետաքրքրվում նրանց գործերով, անհարկի երբեք չէին խոսում նրանց հետ և թույլ չէին տալիս ընկերական գրկախառնության նշույլ անգամ: Ի՞նչ է հետևում սրանից։ Այն, որ մեր բարի արձագանքը ժողովից վտարվածի հանդեպ պետք է լինի միայն այն դեպքում, երբ վերջինս ԻՆՔՆ է օգնության համար դիմում մեզ և ցուցաբերում զղջման թեկուզև ինչ-ինչ նշաններ:
Ե.վկա մի հոր և ժողովից վտարված մի որդու օրինակով (մեղքի համար, կամ երբ ինքն է լքել ժողովը) ցույց տանք որոշ դրվագներ, թե ինչպես պետք է ճշտորեն բարություն դրսևորել այն վտարվածների հանդեպ, ովքեր շատ մոտիկ և շատ թանկ են եղել մեզ համար:
Դրվագ 1-ին — եթե որդին փող խնդրի հորից, քանզի ողջը մսխել է անառակ կյանքի վրա և այժմ էլ գումար է ուզում անբարո վարքը շարունակելու համար, պարզ է, որ այս դեպքում բարին հոր կողմից մերժումը կլինի։
Դրվագ 2-րդ — եթե այս որդին, օրինակի համար, կոտրի ոտքը և հորից օգնություն խնդրի, այս դեպքում բարին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելը կլինի։
Դրվագ 3-րդ — եթե այս որդին սնվելու համար որոշի կանոնավոր հաճախել հոր տուն, որպեսզի խնայած գումարը ծախսի իր հաճույքների վրա, այս դեպքում հոր կողմից բարին նրան չկերակրելը կլինի։ Իսկ եթե որդին տուն գա՝ զղջալով իր ընթացքի համար, ապա լավ կլինի ընդունել նրան և տալ ամենայն անհրաժեշտը։
Դրվագ 4-րդ — եթե որդին հեռացել է տնից, բայց որոշ ժամանակ անց զանգ տա հորը, բարին կլինի հեռախոսը վերցնել. գուցե նա ուզում է ետ դառնալ և օգնության կարի՞ք ունի: (հմմ. Հակ.4:8): Կամ՝ գոնե հիշեցնելու համար, թե Եհովան որքան է տենչում Իր անառակ զավակների վերադարձը և սպասում նրանց։ Ըստ Հակ.5:19,20-ի՝ Աստված չի նեղսրտի, եթե ժողովից վտարվածներին հիշեցնենք Իր մասին: Բայց շատ ավելի վատ կլինի, եթե նրանց հավատի թրթռացող պատրույգը հանգչի մեր ցուցադրական քամահրանքից, երբ նրանք հայտնվեն «մեր հորիզոնում»:
Դրվագ 5-րդ — եթե վտարված որդին ապրում է տանը, ապա նրա հետ ճիշտ հարաբերություններ հաստատել պետք է որոշի ամեն ծնող ինքը, և ուրիշը (երեցը) դրան չպետք է խառնվի, չէ՞ որ ծնողն է հաշիվ տալու Եհովային։ Կարելի է, օրինակ, մեկ սեղանի շուրջ ճաշել միասին և ընդհանուր ոչինչ չունենալ որդու հետ. Եհովան դա գիտի և չի դատապարտի։ Բայց կարելի է նաև ապրել տարբեր վայրերում և սրտակից լինել վտարված որդու հետ, լինել սերտ հաղորդակցության մեջ, էությամբ կապված. Եհովան դա ևս տեսնում է, և նույնիսկ առանձին ապրելը չի փրկի այդպիսի հորը դատապարտումից։ Բառացի հեռավորությունը չէ, որ ցույց է տալիս Աստծուն մեր վերաբերմունքը նրա հանդեպ, ով ընտրել է չար ուղին, այլ հոգևոր մեր խորշանքը՝ առ այդ չար ընթացքը:
Դրվագ 6-րդ — իսկ ո՞րը կլինի բարին երեցների կողմից, եթե երկար տարիներ անց ընկերակցությունից զրկված անձը առաջին անգամ ժողով այցելի Կրկին հուշաքաղ անենք 7.38 տեսահոլովակից: Ամիսներ շարունակ նրան քամահրելու և որպես ցուցադրություն՝ հեռավոր մի անկյունում նստեցնելու փոխարեն (իբրև դու քո հանդեպ հենց նման վերաբերմունք ես վաստակել և դրան ես արժանի), պետք է նրա հետ խոսել իր վերադարձի հենց 1-ին օրը, երբ նա հայտնվում է «հորիզոնում» (Ղկ.15:20): Այս պարագայում բարին հենց դա կլինի։
Մենք բերեցինք իրավիճակների սոսկ մի քանի օրինակներ, որոնցում Հռ.12։17-21-ը վերաբերում է նրանց, ովքեր ժամանակին եղել են Եհովայի ընկերը և մեր եղբայրը, բայց ժամանակի ընթացքում դադարել են այդպիսին լինել՝ դառնալով թշնամի։ Հասկանալի է, որ անհնար է դիտարկել բոլոր դրվագները։ Կարևոր է սակայն յուրացնել սկզբունքը. Աստվածաշնչի տեսանկյունից անհավատի և հավատուրացի հետ բարիով վարվելը որպես թշնամիների՝ նշանակում է վարվել համաձայն Աստծու սկզբունքների, որպեսզի դա հոգևոր օգուտ բերի և՛ նրանց, և՛ մեզ, իսկ ընդհանուր առմամբ՝ նպաստի Եհովայի շահերին: Իսկ մարդկանց հանդեպ սերը կօգնի կողմնորոշվել, թե ո՞ր դեպքում և բարու ո՞ր տեսակը կնպաստի Եհովայի նպատակներին։
Այսպիսով, ըստ 3-րդ հարցի, եթե մենք ի պատասխան ժողովից վտարվածների չարի՝ բարին ենք անում նրանց (Ս.Գրքի սկզբունքների համաձայն, ներդնում մեր ողջ ջանքերը՝ նրանց ուշքի բերելու և չար ընթացքից Եհովային վերադարձնելու համար), բայց մեր բարուն ժողովից վտարվածները շարունակում են չարով արձագանքել (օրինակ, շարունակում են հայհոյել Եհովայի ժողովրդին և դատի տալ նրանց աշխարհիկ ատյաններում, քանի որ վերջիններս չեն ուզում շփվել իրենց հետ) — նրանց այդ սխալ արձագանքը ի պատասխան մեր բարու, ածուխներ կկուտակի նրանց գլխին այն իմաստով, որ թիրախի նշան կդրվի նրանց վրա Եհովայի բարկության օրվա համար, եթե մինչև վերջ այդպես էլ դարձի չգան։
Մեզ մնաց պատասխանել վերջին հարցին. 4) Արդյո՞ք մենք կպղծվենք ժողովից վտարվածների անմաքրությունից, եթե ինչ-որ կերպ օգնենք նրանց։
1-ին դարում Եհովայի ժողովուրդը չէր շփվում հեթանոսների ու մաքսավորների հետ և նույնիսկ փորձում էր ձեռք չտալ նրանց կենցաղից որևէ բանի, որպեսզի չպղծվեր (Հով.18։28, Գրծ.10։28)։ Բայց քանի որ Քրիստոսի զոհաբերությունը վերացրեց ՄՕ-ի բոլոր տիպի ծիսական անմաքրությունները, ՆԿ-ի դարաշրջանում չկա որևէ բան կամ որևէ մեկը, որ կարող է պղծել ազատ քրիստոնյային, բացի հենց իրենից:
Եթե նա կերակրի ժողովից վտարվածին՝ տեսնելով նրա աղքատ և ծանր իրադրությունը՝ չի պղծվի Եհովայի առաջ։ Եթե Ե.վ.ն խոսի վտարվածի հետ աշխատանքի բերումով կամ դեպի Եհովան դարձի բերելու նկատառումով, օգնի նրան տեղ հասցնել ծանր պայուսակը կամ թույլ տա ձմռան ցրտին ներս գալ և տաքանալ՝ դա նրան չի պղծի։ Ազատ քրիստոնյան կպղծվի միայն այն դեպքում, եթե ինքը բռնի մեղքի ճանապարհը:
Սիրով բոլորին, ովքեր ճշմարտությունը որոնում են Աստվածաշնչում:«Պատասխանների արկղ» Եհովայի Վկաների կայք Ուկրաինայից:
Մեր հասցեն՝ givianswers@gmail.com