ՀՆԱՐԱՎՈ՞Ր Է Աստծու մոտ գալ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ Մաս 1. Քրիստոնեական կազմակերպության ՕԳՈՒՏԸ

Текст на армянском языке к  видео 2.12 на русском яз.
Это видео на армянском — см.  видео 7.19

Հոգևոր արժեքներ
Ի՞նչ է նշանակում Աստծու մոտ գալ:
Մաս 1. ՕԳՈՒՏ քրիստոնեական կազմակերպությունից
Խորհրդածում ենք միասին:
Պատասխանների արկղ — բոլորի համար

Շատերն ընդունում են, որ Աստված կա: Բայց երբ նրանք սկսում են կարդալ Ս.Գիրքը՝ հասկանում են, որ լոկ հավատը քիչ է. որ հավատը պետք է գործեր ունենա (Հակ.2:20,26): Նաև, որ Աստված պետք է ունենա քրիստոնեական Իր ճշմարիտ ժողովը (Մտ.16:18; Գրծ.20:28; Եբր.10:25; Հակ.2:2; 1Կոր.11:18 և այլն): Բայց ինչպե՞ս այն գտնել: Կրոնական կազմակերպությունները շատ-շատ են, և վտանգ կա ընկնել ոչ ճիշտ տեղ ու վնաս կրել (խոսքը միայն նրանց մասին է, ով գիտակցում է, որ հավատը լոկ սրտում՝ անբավարար է):

Ահա և հարց են տալիս. իսկ գուցե կարելի է ինքնուրո՞ւյն Աստծուն գալ: Չէ՞ որ նորեկի համար շատ դժվար է միանգամից հասկանալ. այնտեղ, ուր եկել է՝ առկա՞ է Աստծու ոգին, թե՞ ոչ (տես 7.2 վիդեոն ): Հատկապես որ ցանկացած քրիստոնեական կազմակերպությունում/ժողովում/եկեղեցում ձեզ կսկսեն համոզել, որ սա է ճիշտը: Իսկ դա պարզելու համար՝ տարիներ կանցնեն: Հապա ի՞նչ անել:

Այս հոլովակը կպատասխանի. «կարելի՞ է ինքնուրույն՝ Աստվածաշունչը կարդալով, աղոթելով և պատվիրանները կատարելով — Հիսուս Քրիստոսի միջոցով Աստծու մոտ գալ»: Նախ պարզենք.
1) Ի՞նչ է նշանակում «Աստծու մոտ գալ»:
2) Կարելի՞ է Աստծու մոտ գալ՝ առանց ժողովի:

Միանգամից ասենք. այս հարցերը պարզելու համար՝ էական չէ, թե դուք որ քրիստ.կազմակերպությունն եք համարում Քրիստոսի ճշմարիտ ժողով: Այստեղ շարադրված սկզբունքները հարմար են ցանկացած քրիստ. կազմակերպության համար, ուր որ հավատացյալը ընտրել է հաճախել՝ համոզված, որ այն ճշմարիտն է:

Եվ այսպես. 1) Ի՞նչ է նշանակում «գալ Աստծու մոտ»:
Նախ և առաջ պետք է գիտակցել, որ գալ ճշմարիտ Աստծու, Արարչի մոտ՝ չի նշանակում մտնել այն քրիստ. կազմակերպության շարքերը, որը ձեզ դուր է եկել կամ թվացել ճշմարիտ: Նաև, գալ Աստծու մոտ՝ չի նշանակում գալ ինչ-որ տաճարե մի շինություն կամ ինչ-որ հատուկ մի վայր, որ սուրբ է անվանված (Գրծ.17:24):

Աստծու մոտ գալը՝ նշանակում է վերադարձ դեպի Նա: Աստծու առաջին երեխաները՝ Ադամը և Եվան, կարելի է ասել, հեռացան Աստծուց և իրենց երկնային Հոր դրախտային տնից՝ իրենց հետ «տանելով» նաև իրենց բոլոր սերունդներին. նրանց երեխաները ծնվեցին դրախտի սահմաններից դուրս և առանց Աստծու: Այդ պատճառով էլ, նաև մենք ձեզ հետ՝ ծնվեցինք Աստծուց հեռու:

Բայց նախ Ադամն ու Եվան Աստծուն «լքեցին» հոգևոր իմաստով. նրանք հրաժարվեցին Նրա երեխաները լինել, ապրել կյանքում Նրա առաջնորդության ներքո և արմատավորել իրենց մեջ Աստծու երեխաների հրաշալի հատկությունները. սերը, բարությունը, համբերությունը, ինքնատիրապետումը, արդարությունը, գթասրտությունը և այլն (ԾՆնդ.3:22-24):
Այդ «հեռացումը» պատճառ դարձավ դրախտից նրանց արտաքսման:

Աստծուց հեռանալը մարդկանց հետզհետե փոխեց դեպի վատը, խեղաթյուրվեց բարու և չարի ըմբռնումը. մարդիկ սկսեցին չարն անել՝ կարծելով, թե դա օգուտ կբերի իրենց, թե՝ դա է բարին: Ուստի Ադամի բոլոր սերունդները շատ հեռու են Աստծուց՝ ինչպես հոգևոր, այնպես էլ բառացի իմաստով. մենք բացարձակապես նման չենք Նրա երեխաներին (չենք արտացոլում Նրա հատկությունները), այդ պատճառով էլ ապրում ենք դրախտի սահմաններից դուրս (Ծնն.6:5; 2Օր.32:5):

Աստված առաջարկում է վերադառնալ Իրեն (2Տրգ.15:2; Հակ.4:8): Գալ Նրա մոտ՝ նշանակում է «վերադառնալ տուն», Աստծու դրախտը, որտեղ Նա սպասում է այս աշխարհում մոլորված Իր երեխաներին (Ղկ.15:11-24): Բայց նախ հարկավոր է վերադառնալ Աստծու երեխաների ելման դրությանը, երբ մեղք չկար նրանց մեջ: Ճանապարհն առ Աստված՝ միայն Քրիստոսի միջոցով է (Հով.14:6): Դա նշանակում է, որ մենք պետք է դառնանք այնպիսին, ինչպիսին Հիսուս Քրիստոսն էր:

Հիսուս Քրիստոսը՝ Աստծու որդու չափանիշն է. նա երբեք մեղք չգործեց և եղավ իմաստուն, թեպետ տանջվեց չար մարդկանցից, բայց ոչ մեկին չարով չհատուցեց: Նա սիրեց մարդկանց և ամեն բանում նմանվեց Հորը; նա բարին արեց և ատեց չարը; նա զոհաբերեց իրեն, որպեսզի օգնի մարդկանց վերադառնալ Աստծու մոտ, և հիմա նա Հոր կողքին է (1Պետ.2:22; 1Հով.3:5; Եփ.1:20; Եբր.5:8,9):

Երբ ձեր կյանքը ձեզ անիմաստ կթվա և դուք կգիտակցեք Աստծու կարիքը, երբ դուք այն կանցկացնեք ձեր բանականության և սրտի միջով (իսկ Աստված ուզում է, որ մենք գտնենք Իրեն ոչ միայն մեր սրտով, այլ նաև գիտակցենք, թե ինչ է Ինքը նշանակում մեզ համար, Մրկ.12:30) — այդ ժամին միայն կարելի է ասել, որ դուք կանգնել եք «տունդարձի» ճամփին և կատարել առաջին քայլը Աստծուն մոտենալու համար, բայց դեռ չեք եկել Նրա մոտ:

Ուղին առ Աստված՝ դա ձեր ողջ հետագա մնացած կյանքն է՝ կազմված «Քրիստոսի հետքերից». Աստվածաշնչի ուսումնասիրությունից, մեղքի դեմ պայքարում՝ ամենօրյա անձնական ջանքերից, Աստծու Թագավորության բարի լուրի հռչակումից և մարդկանց օգնելուց, արդար որոշումներից և արարքներից, ճիշտ մղումներից, աղոթքներից առ Աստված և մարդկանց հանդեպ անսահման սիրուց (Ղկ.4:42,43; 1Պետ.2:21; 1Կոր.9:26,27):

Իսկ ե՞րբ դուք կգաք Աստծու մոտ: Միայն այն ժամանակ, երբ դուք կդառնաք այնպիսին, ինչպիսին Հիսուս Քրիստոսն է: Այդ ժամանակ միայն Աստված ձեր մասին կասի, որ դուք եկել եք Իր մոտ, որ դուք հիմա ձեր երկնային Հոր երեխան եք:

Ուղին առ Աստված՝ չափազանց դժվարին է, հարկ է ամբողջությամբ վերափոխես քեզ և ամեն սխալ բան ոչնչացնես քո մեջ: Ուստի այս համակարգում Աստծու մոտ եկածները սակավ կլինեն. ընդամենը 144000 Քրիստոսի իշխանակիցները: Նրանք կդառնան Աստծու երեխաների առաջին խումբը, առաջնեկների ժողովը. նրանք կհաղթեն մեղքին արդեն այս դարում (Եբր.12:23; Հյտ.7:3,4;14:1-5;20:6):

Աստծուն հասածների երկրորդ խումբը կդառնա դրախտային Երկրի բնակիչների մեծ բազմությունը. նրանք կազատվեն մեղքից միայն Քրիստոսի հազարմայայի վերջում: Սատանայի վերջին փորձությունը ի հայտ կբերի Աստծու երեխաների այդ խմբին, որից հետո Աստված ներս կընդունի նրանց Իր հավիտենության աշխարհը՝ երկրային կյանքի համար (Հայտ.21:3,4,7; 7:9-17):

Այսպիսով. 1) գալ Աստծու մոտ՝ նշանակում է.
ա) ամբողջությամբ փոխվել, ներքուստ նորոգվել և դառնալ Հիսուս Քրիստոսի նման (հասնել նրա հոգևոր հասակին, Եփ.4:13, 22-24):

բ) շնորհիվ դրա՝ տեղափոխվել դրախտ, երկնային Հոր մոտ — հարության միջոցով` ապագա համակարգում (Մրկ.10:29,30; Հով.5:28,29; Հյտ.21:3,4,7):

Բայց հնարավո՞ր է Հիսուս Քրիստոսի նման դառնալ ինքնուրույն և առանց հավատակիցների ժողովի (առանց կրոնական կազմակերպության): Կիմանանք 2) հարցի պատասխանից. Պե՞տք է, արդյոք, ժողովը հավատացյալին, որպեսզի նա կարողանա Աստծու մոտ գալ: Սկզբից տեսնենք, թե ինչու քրիստոնյաներին պետք եղավ մեկ ընկերության մեջ հավաքվել (որն էր նպատակը): Իսկ հետո՝ որն էր պատճառը:

Ուրեմն ինչո՞ւ քրիստոնեական կազմակերպության հարկը եղավ 1-ին դարում: Նրա կազմավորման նպատակը մարդկանց քմահաճույքը չէր, այլ մեղքից ու չարից փրկվել կամեցողների համար՝ Աստծու կարգադրությունը, որպեսզի սովորեցներ նրանց ճիշտ և բարեհաջող ընթանալ Քրիստոսի հետքերով (1Պետ.2:21;1Տիմ.2:3,4): Իր ծառաների միջոցով՝ Աստված հավաքագրում է բոլոր փրկվել կամեցողներին միասնական քրիստոնեական մեկ ընկերության մեջ (Գրծ.2:47;11:26):

Քրիստոնեությունը՝ դա (Աստվածաշնչից) Աստծու ճշմարտության տարածման ակտիվ մի  գործունեություն է ողջ Երկրով մեկ՝ մարդկանց դեպի լավը փոխվել օգնելու նպատակով (գիտելիքների շնորհիվ), որ նրանք գան Աստծու մոտ և փրկվեն մեղքից ու մահից (Գրծ.1:8; 1Տիմ.2:3-5): Նախատեսվում էր մարդկանց կազմակերպված ուսուցում, մկրտություն, օգնություն քրիստոնեական պրակտիկայում և այլն:

Հարկ էր կազմակերպել այդ գործը եվ դրան զուգահեռ՝ լուծել բոլոր ծագող խնդիրները ինչպես ամբողջ քրիստոնեական սփռված համայնքի համար, այնպես էլ տեղական, քաղաքային և ուրիշ այլ բնակավայրերի առումով (Մտ.16:18,19; Գրծ.6:1-7; գլ.15; Հակ.2:2-4; 1Կոր.11:18 և այլք):

Որպեսզի այդ գործունեությունը բարեհաջող լիներ՝ Աստված քրիստոնյաների համար սկզբունքներ էր մշակել — որպես միասնական կազմակերպված եկեղեցական սիստեմ. այն կազմված էր Երուսաղեմի կենտրոնական ղեկավարությունից, (հավատացյալների) «հոտից» և հովիվներից (երեցներից)՝ նշանակված, որպեսզի նորահավատներին օգնեն սովորել Քրիստոսի հետքերով քայլել (ծառայել Աստծուն այնպես, ինչպես ծառայում էր Նրան Հիսուսը, Ղկ.3:23; Գրծ.20:28; 1Պետ.5:5; Եբր.13:17):

Եհովան գիտեր, որ Իր նոր ժողովրդի կազմակերպությունը պիտի ընդլայնվի, իսկ փրկվողների քանակը ավելանա, ուստի Նա նախատեսել էր քրիստոնյաների աճող համայնքի բաժանումը ավելի փոքր տեղական քաղաքային և գյուղական ժողովների, որտեղ ևս կազմակերպված էր լինելու երեցների նշանակում (հովիվներ, Գրծ.2:47; 14:23; Տիտ.1:5):

Չնայած, որ քրիստոնեական այս ժողովները գտնվում էին տարբեր քաղաքներում՝ ուսմունքային և կազմակերպչական հարցերում նրանք հետևում էին մեկ առաջնորդության, որն իրագործվում էր Երուսաղեմում գտնվող կենտրոնական ղեկավարության կողմից ու տարածվում բոլոր ժողովներով (Գրծ.16:4; 2Տիմ.1:13):

Այդպես էր 1-ին դարում, այդպես պիտի լինի նաև այսօր:
Ուրեմն, ո՞րն էր նպատակը: Իր կազմակերպության որպես եկեղեցական սիստեմի  ստեղծման (որպես բոլոր ժողովների համագործակցության սիստեմ) Աստծու նպատակը՝ միասնական քրիստոնեական գործունեության կազմակերպումն էր ամբողջ երկրով մեկ:
Իսկ այժմ պարզենք քրիստոնեական կազմակերպության ստեղծման պատճառը:

Եվ ուրեմն, ինչո՞ւ Աստված քրիստոնյաներին հավաքեց միասնական մեկ ընկերության մեջ և պատվիրեց չլքել Իր ժողովրդի ժողովը (Եբր.10:25): Աստված շահագրգռված է բոլոր քրիստոնյաների հոգևոր աճով, որպեսզի նրանք լավ ճանաչեն Իրեն և ձերբազատվեն մեղքից՝ ընդօրինակելով Իր որդուն, Հիսուս Քրիստոսին: Սրա համար պայմաններ են պետք, ինչը Նա ստեղծել է քրիստոնեական ՄԻՋԱՎԱՅՐԻ տեսքով, որոնք հանդիսանում են քրիստոնեական ժողովները:

Բնույթով, ճաշակով և խառնվածքով տարբեր մարդկանց միջավայրում գտնվելն է լոկ, որ կարող է վարժեցնել ամեն ինչում Քրիստոսին ընդօրինակելու ունակության և ճիշտ ձևավորելու քրիստոնյայի քո ներքին էությունը: Առանց սերտ հաղորդակցման և քրիստոնյաների մեկը մյուսի հետ բախվելու՝ արդար հատկություններ չեն մշակվի և մեր զգայարանները չեն ընտելանա տարբերել բարին չարից:

Որպեսզի դանակը լավ սրվի՝ երկաթը երկաթով է սրվում: Այդպես էլ մարդիկ են իրարից սովորում՝ «սրվելով» միմյանց բախումից (Առ.27:17): Ամեն ինչից զերծ, մեկուսի պայմանները աճ չեն տալիս, քանզի չկա միջավայր՝ օգտակար քրիստոնեական հատկությունների մշակման համար (իսկ աշխարհիկ միջավայրը լոկ վնասում է քրիստոնյային, 1Կոր.15:33): Մեկուսի քրիստոնյաների մեջ չի զարգանում նաև ամուր իմունիտետ գայթակղությունների հանդեպ:

Ինչպես որ ջերմոցային բույսերն են մեռնում բնության խիստ պայմաններում, այնպես էլ մեկուսի քրիստոնյաների հավատը, որ կյանքում թրծված չէ հավատակիցների հետ բախումների նեղ միջավայրում ճիշտ վարվելակերպ դրսևորելով — կարող է մեռնել փոքրիկ դժվարություններից:

Այդ պատճառով էլ Հիսուսը խնդրեց Աստծուն չթաքցնել քրիստոնյաներին, չստեղծել նրանց համար ջերմոցային պայմաններ ինչ-որ մի խրոխտ մենության մեջ, այլ ամբողջ ժողովներով թողնել նրանց հենց այս աշխարհի հորձանուտում, օգնելով ընդամենը պահպանել նրանց չարից (սխալ մտքերից և արարքներից, Հով.17:15): Բացի այդ, հավատակիցները կքաջալերեին մեկ-մեկու. չէ՞ որ միասին հեշտ է մնալ հավատում՝ բոլոր դժվարություններին դեմ հանդիման (Եբր.10:24,25):

Հեշտ է արդար քրիստոնյա լինել վիրտուալ աշխարհում, ասենք՝ սոց.ցանցում: Բայց հեշտ չէ այդպիսին մնալ՝ «եփվելով» կենդանի մարդկանցով և նրանց նեգատիվներով լի «կաթսայում», ընթացքում նաև՝ պայքար մղելով քո նեգատիվների դեմ: Նաև դրանով հանդերձ՝ հարկավոր է ոչ միայն չխռովել և չբորբոքվել բոլորի դեմ, այլ սիրել նրանց՝ քո սրտի ողջ լայնքով և մաքրությամբ:

Ժողովը դա մի հզոր տրենաժոր է հասնելու համար Քրիստոսի հասունությանը՝ սիրելու, ներելու և մեղք չգործելով՝ համբերելու մեջ (Եփ.4:11-16), առանց որոնց նոր աշխարհում ապրելն անհնարին է. գիտելիքներն այնտեղ բոլորի համար նույնը կլինեն, իսկ ահա անբռնազբոս սրտի ջերմությամբ ընդունել մեր բազում և բազմազան մոտ ու հեռավորներին՝ ոչինչ չար չպատճառելով նրանց — դա հարկավոր է սովորել այստեղ և այժմ (Հռ.13:10):

Եվ այսպես՝ հարցը. «հնարավո՞ր է Աստծուն գալ ինքնուրույն»: Ոչ. առանց ժողովի և համատեղ քրիստոնեական գործունեության մենք չենք հասնի Քրիստոսի հոգևոր հասունությանը՝ Աստծուն և մարդկանց սիրելու խնդրում: Իսկ առանց դրա՝ հավիտենությունը մենք չենք տեսնի. հնարավոր չէ հավիտյան կրել ներկայությունը նրա, ով մեզ դուր չի գալիս: Այնպես որ՝ ՕԳՈՒՏԸ ճշմարիտ քրիստոնյաների ժողովից — անտարակույս ահռելի է:

Բայց կա մի «ԲԱՅՑ». նույնիսկ օգուտ բերող Աստծու ճշմարիտ կազմակերպությունը՝ երբեմն կարող է և վնաս պատճառել (էլ չխոսենք կեղծերի մասին): Գիտեի՞ք այդ մասին: Եթե ոչ՝ կիմանանք հաջորդ հոլովակից:

«Պատասխանների արկղ» Եհովայի Վկաների կայք Ուկրաինայից:

Մեր հասցեն՝ givianswers@gmail.com